Ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 23-ին։ 1976 թ. ավարտել է Բուժական գյուղի միջնակարգ դպրոցը։ 1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
Զորացրվելուց հետո ամուսնանում է, ունենում երեք զավակ՝ դուստր և երկու որդի։ Համագյուղացիների բնորոշմամբ՝ օրինակելի վարորդ էր, բացառիկ մաքրասեր, միշտ սպիտակ վերնաշապիկով, երբեք անփույթ հագնված կամ ձեռքերը մրոտ չէին տեսել։
Հայկի կինը՝ Հայկանուշը, եղբայրը՝ Վանիկը, եկել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մայրերի հետ ծաղիկներ խոնարհելու նրանց որդիների շիրիմներին։ Ամուսնու մասին խոսելիս Հայկուշի ձայնը հուզմունքից բեկվում էր։ Զգում էի, որ պատմելու շատ բան ունի։ Երբ արարողությունից հետո հրաժեշտ էինք տալիս, հրավիրեցին Բուժական՝ տեսնելու, թե Հայկի հայրը՝ Գրիգոր Դավթյանը, հաշմված մատներով, դուր ու ռանդայի օգնությամբ, ի՜նչ գեղեցիկ նախշեր է դրվագում փայտի վրա, սարքում երեխայի օրորոց, սեղան, աթոռակ, մահճակալ ու պահարան, որոնք զարդարում են բուժականցիների և ոչ միայն բուժականցիների բնակարանները։ Բնաշխարհի պարզ ու բարի երևույթով Հայկուշն ու Վանիկը հարազատ էին ինձ, սիրով ընդունեցի նրանց հրավերը, և օրեր անց արդեն Բուժականում էի։
Գյուղի վերին ծայրում էր Դավթյանների տունը՝ անտառին մոտ, սառնորակ աղբյուրների խոխոջյունին ունկնդիր։ Տանից քիչ վեր՝ բարձրադիր հարթության վրա հերոսի սխրանքը հիշատակող տուֆե խաչքարն էր՝ կերտված շնորհալի վարպետի ձեռքով։ Գյուղաշխարհի բարիքներով սեղանի շուրջը ջերմ զրույց սկիզբ առավ։ Վարպետ Գրիգորին հարցրի իրենց գերդաստանի ակունքների մասին։ Կա՞ հայ, որ նախնիների անցյալին անդրադառնալիս չհիշատակի Էրգրի անունը։ Գաղթել են 1914 թվականին։ Երկար դեգերումներից հետո, ի վերջո, 1923-ին բնակություն են հաստատել Արա լեռան շնչառությանը մոտ հրաշագեղ այս անկյունում և կոչել նկարագրին համահունչ Բուժական անունով։ Մի օր էլ Բուժականում հանդիպում են Գրիգորն ու Լուսիկը, և գյուղի ծխամատյանում նոր օջախ է ավելանում։ Մեծանում, հասակ են առնում նրանց զավակները՝ Ջանիկը, Վանիկը, Հայկն ու Ծովիկը։ Ամուսնանում են, ավանդական նիստ ու կացով ընտանիքներ կազմում։ Հայկը, կրտսերի իրավունքով, ապրում է հայրական տանը։ Ո՜նց էր ուրախացել, երբ երկար տարիների սպասումից հետո վերջապես Վանիկին արու զավակ ծնվեց։ Հոգու ցնծությանը հաղորդակից էր դարձնում անգամ տան մոտով անցնող անծանոթներին։ Բոլորն էին երջանիկ, որ գերդաստանի մի ճյուղն էլ շարունակող ունեցավ։ Ի՜նչ իմանային այդ երջանիկ օրը, թե կյանքն ինչ հունով է ընթանալու։
1988 թ. հունվար... Հավատալով գորբաչովյան դեմոկրատիայի կարգախոսներին՝ Ստեփանակերտում և Երևանում ծայր առան խաղաղ հանրահավաքները՝ 1921 թ. հուլիսի 5-ին բոլշևիկների ղեկավար Ստալինի կամքով հայոց Արցախը մինչ այդ աշխարհի քարտեզի վրա գոյություն չունեցող Ադրբեջան պետությանը բռնակցելու անարդար որոշումը չեղյալ համարելու և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու արդար պահանջով։ Առաջին իսկ օրերին Հայկն անդամագրվեց Արցախյան շարժմանը։ Ի պատասխան խաղաղ հանրահավաքների, ադրբեջանցիները, խորհրդային զորքերի հովանավորությամբ, սկսում են հայերի նկատմամբ բռնությունները, հալածանքները, ջարդերը։ Արդեն պարզ էր, որ խաղաղ հանրահավաքներով հնարավոր չէր հասնել արդարության՝ լուծել Արցախի խնդիրը։ Բուժականցի Հայկը միշտ այնտեղ էր, որտեղ դժվարին իրավիճակ էր ստեղծվում։ Այդպիսին էր եղել նաև դպրոցում։ ՈՒսուցիչները պատմում էին, որ երբ դպրոցում վեճ ու կռիվ էր ծագում, Հայկն անմիջապես միջամտում էր, կանխում, արդար ու մեղավոր ջոկում, որի համար էլ նրան «Ճլըթ» մականունն էին տվել, այսինքն՝ դժվար տեղում առաջինը հայտնվողն ու արդար-մեղավոր որոշողը։ Դժվարություններից չէր ընկճվում, ամենաանել վիճակներում ելք էր գտնում։ Բուժականցիների իր ջոկատով օգնության հասավ սակավաթիվ զենքերով Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի անվտանգությունը պաշտպանող աշխարհազորայիններին։ Լարված, գերհոգնած վիճակներից հիվանդացավ, բայց, չնայած բարձր ջերմությանը, չհեռացավ Նոյեմբերյանից։
Այնուհետև Արցախում էր։ Կարճ ժամանակով գալիս էր տանեցիներին տեսության և շտապում հետ դառնալ։ Վերջին անգամ Արցախ մեկնելիս կրտսեր որդին՝ փոքրիկ Գարիկը, լաց էր եղել.
-Հայրիկ, մի՛ գնա, թուրքերը քեզ կսպանեն։
Գրկել էր որդուն, գորովանքով շոյել ճակատը.
-Անհոգ եղիր, տղաս, ինձ թուրքի գնդակ չի դիպչի։
1992 թ. գարնանը Արցախում վիճակը լարված էր, տագնապալի։ Մարտի առաջին օրերին Ստեփանակերտում տեղաբաշխված խորհրդային 366-րդ գունդը դավաճանաբար լքում էր Արցախը։ Ադրբեջանցիները կարողացել էին զավթել Աղդամում գտնվող Անդրկովկասյան զինվորական օկրուգի զինապահեստները և ռուսների աջակցությամբ ուզում էին ոչնչացնել վատ զինված հայկական ջոկատները, հայաթափել Արցախը։ Այս վտանգի դեմն առնելու համար պետք էր հզորացնել պաշտպանությունը՝ լուծել զենք-զինամթերքի խնդիրը։ Մարտի 8-ին Հայկը՝ զինակիցների հետ, Արցախից ուղևորվեց Արթիկ։ Տեղ հասնելուն պես ներկայացավ քաղխորհրդի նախագահին, ներկայացրեց ծանր իրավիճակը և խնդրեց, որ քաղաքի ղեկավարությունը բանակցություններ վարի Արթիկում տեղաբաշխված զորամասի հրամատարության հետ՝ պահեստներից որոշակի թվաքանակով զինամթերք ձեռք բերելու համար։ Բանակցությունը կայացավ, փոխհամաձայնության եկան։ Գնդապետ Ռեշետնիկովը նույնիսկ «սիրտը բացեց», թե լավ ըմբռնելով ու հոգուն մոտ ընդունելով հայերի վիճակը, համաձայն է և թույլատրում է զինամթերք հատկացնել։ ՈՒթսուն հոգանոց ջոկատը սպասում էր զորամասի տարածքից դուրս։ Բանակցողները Ռեշետնիկովի հետ մտան զորամաս։ Եվ հանկարծ... սպայի պատվո խոսք տված գնդապետը զինվորներին հրամայեց կրակել իր հետ եկողների վրա։ Հանկարծակիի եկած ազատամարտիկները փորձում են պաշտպանվելով նահանջել, սակայն բաց տարածքում դժվար էր խույս տալ գնդակներից։ Նրանցից երեքը զոհվում են։ Երկուսի դին հաջողվում է դուրս բերել զորամասից։ Հայկը կարող էր փրկել իր կյանքը, սակայն չլքեց վիրավոր ընկերոջը։ Ինքն էլ վիրավորվեց։ Արյունաքամվել էր, երբ օգնության հասան զինակիցները, շտապ հասցրին հիվանդանոց, ավա՜ղ, արդեն ուշ էր...
Ինչպես միշտ, կենտրոնական հեռուստատեսությունը, մամուլը տեղի ունեցածը ներկայացրին՝ փաստերը խեղաթյուրելով։ Զարմանալի չէր։ Արդեն սովոր էինք, որ Արցախին վերաբերող ամեն իրադարձություն խորհրդային կենտրոնական լրատվամիջոցները կներկայացնեն ըստ պահանջի, ակնհայտ կողմնակալորեն։
Մինչև հաղթանակ դեռ երկար ու դժվարին ճանապարհ կար անցնելու։ Հաղթանակը նվաճվեց մեծ զոհողությունների գնով։ Անհավասար կռիվներում ընկան ազգի լավագույն զավակները։ Մարտական ընկերների բնորոշմամբ՝ Հայկը չհասցրեց բացել թևերը, ընկավ՝ հաղթանակի բաղձանքը սրտում։
Որդու կորստյան վշտից փոխվեց, ինքնամփոփվեց վարպետ Գրիգորը։ Գյուղի, աշխարհի անցուդարձին արձագանքող, իր ուրույն կարծիքով, խոսքաշեն, հումորով՝ նա միանգամից դարձավ անտարբեր ու լռակյաց։ Դժվարությամբ, կամքի ուժ գործադրելով՝ կրկին ձեռքն առավ հյուսնի գործիքը։ Արդեն Հայկի փոխարեն էլ պիտի տքներ, որ սիրելի թոռները ոչ մի բանի պակաս չզգային։ Անշուշտ, Վանիկ որդին հորը մենակ չէր թողնում տան հոգսերի հետ։ Բուժականցիները նրան հարգում, սիրում էին ոչ միայն նրա համար, որ ազատամարտիկի եղբայր էր, այլև որ օրնիբուն աշխատում էր, ծնողասեր էր, նվիրված եղբոր զավակներին, որ բարի, կամեցող սիրտ ուներ, օգնության էր հասնում նեղության մեջ հայտնվածին։
Հայկի կնոջ՝ Հայկանուշի մասին նույնպես գովեստի խոսքեր լսեցի. «Խոնարհ, համեստ, ամուսնու ծնողների խոսքը գետին չգցող հարս է։ Հայկի զոհվելուց հետո նրա պահվածքի ոչ մի երանգ չփոխվեց, սառնություն, խորթություն չեղավ։ Լուռ համաձայնությամբ՝ ավելի սրտակից դարձան ու Հայկի հիշատակի հանդեպ իրենց վերաբերմունքը դրսևորեցին նրա զավակներին սիրով, գուգուրանքով շրջապատելով»։
Կրտսեր որդին, որ հորն արգելել էր թուրքի դեմ կռիվ գնալ, նրա մասին բանաստեղծություն էր գրել, որտեղ այսպիսի տողեր կային.
Զավակն եմ Հայկի,
Զավակն եմ ազգի,
Պիտի մեծանամ,
Զորավար դառնամ,
Իմ հայոց ազգին
Քաջ պաշտպան դառնամ։
...Բուժականի անտառում ամեն գարուն բողբոջում են ծառերը, խոխոջում սառնորակ աղբյուրները, երգում են հեռվից եկած հավքերը։ Բողբոջների լուռ պայթյունի, ջրերի խոխոջյունի ու հավքերի կանչերում 1992 թվականի գարնան այն դաժան օրվա վերհուշը կա։ Ամեն գարուն գյուղի մեծերը մանուկներին պատմում են Բուժականցի Հայկի մասին, որ վտանգված Արցախին օգնություն հասցնելու համար աներեր, բացճակատ գնաց դավադիր գնդակին ընդառաջ...
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ